ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը երեքշաբթի տեղի ունեցած նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման հրահանգներ է ընդունել, որոնք վերաբերում են կազմակերպություններն ահաբեկչական ճանաչելուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Պետական դումայի անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալ Անատոլի Վիբորնին պարզաբանել է, որ «ահաբեկչությանը հակազդելու միջոցներից մեկը, որը գլոբալ մասշտաբով ապացուցել է իր արդյունավետությունը, ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների գործունեության արգելումն է, համապատասխան ցուցակների ստեղծումը, որոնց հիման վրա պետական իշխանության ազգային մարմինները, ֆինանսական հաստատությունները եւ այլ կազմակերպություններ համապատասխան միջոցներ են ընդունում իրենց պատասխանատվության գծով»:
Նա հիշեցրել է, որ 2016 թվականին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում էր ընդունել ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ ստեղծելու մասին:
Այդ ցուցակը ստեղծվում է ազգային ցուցակների հիման վրա, որոնք կազմվում են ՀԱՊԿ պետությունների ներքին օրենսդրության համաձայն: Սրա հետ կապված «առաջացել է արգելված ահաբեկչական կազմակերւպությունների ցուցակների ստեղծման ազգային կանոնների ներդաշնակեցման անհրաժեշտություն», շեշտել է նա:




























