ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել ավարտել Եմենում ռազմական գործողությունները՝ հավելելով, որ ՄԱԿ հովանու ներքո անցկացվող քաղաքացիական պատերազմն ավարտելու հարցի շուրջ բանակցությունները պետք է սկսվեն արդեն նոյեմբերին, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Պոմպեոյի հայտարարության մեջ նշված է, որ հուսի ապստամբները, որոնց աջակցում է Իրանը, պետք է դադարեցնեն Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հրթիռակոծությունները: Իր հերթին Պարսից ծոցի երկրների կոալիցիան, որը գլխավորում է Սաուդյան Արաբիան, պետք է դադարեցնի Եմենի տարածքում ավիահարձակումները:

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը համանման դիկրքորոշում է հայտնել՝ հայտարարելով, որ հակամարտության բոլոր կողմերը պետք        է հաշտությանն ուղղված քայլեր ձեռնարկեն եւ առաջիկա ամսվա ընթացքում բանակցություններ սկսեն: Նա հավելել է, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն «ակնհայտորեն պատրաստ» են աջակցել Եմենի հարցով ՄԱԿ հատուկ դեսպան Մարտին Գրիֆիթսի առաջարկին:

Գրիֆիթսը հոկտեմբերի սկզբին առաջարկել էր Եմենում կրակի դադարեցման բանակցություններ սկսել: «Մենք պետք է խաղաղության հաստատման համար քայլեր ձեռնարկենք… Անհրաժեշտ է դա անել առաջիկա 30 օրում»,- հայտարարել էր Պենտագոնի ղեկավարը ԱՄՆ մայրաքաղաքում տեղի ունեցած համաժողովում: