Մոսկվայի քաղաքային խորհրդի պատգամավորները կողմ են քվեարկել քաղաքի Սոկոլ շրջանում խորհրդային ճարտարապետ Կարո Հալաբյանի արձանը տեղադրելու առաջարկին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ԽՍՀՄ ճարտարապետների միության հիմնադիր, ԽՍՀՄ ճարտարագիտության ակադեմիայի փոխնախագահ, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հիշատակը հավերժացնելու առաջարկն ավելի վաղ ներկայացրել էր Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը։

Նախագծի իրականացման համար ֆինանսավորման ողջ ծավալը 15 մլն ռուբլի է, որը կտրամադրի ՀՀ կառավարությունը։ Առաջարկն ընդունվել է միաձայն։

Կարո Հալաբյանը (1897-1959) 1935թ․ մասնակցել է Մոսկվայի կառուցապատման գլխավոր հատակագծի կազմմանը։ Որպես համահեղինակ՝ մասնակցել է մոսկովյան մետրոյի «Կրասնոպրեսնենսկայա» կայարանի սրահի, ինչպես նաեւ՝ Ռուսական բանակի կենտրոնական ակադեմիական թատրոնի շենքի ճարտարապետական նախագծի մշակմանը։ 1930թ․ նա հիմնադրել է ԽՍՀՄ ճարտարապետների միությունը եւ դարձել դրա առաջին քարտուղարը։ Մոսկվայի Սոկոլ թաղամասում Կարո Հալաբյանի անվան փողոց կա։