Կրասնոդարի երկրամասում շաբաթ առավոտյան գնացքի եւ բեռնատարի բախման արդյունքում մոտ 20 մարդ տուժել է, հիմնականում նրանք ունեն թեթեւ վնասվածքներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հյուսիսկովկասյան երկաթուղու մամուլի ծառայության հաղորդագրությանը:
«Այսօր՝ 4:10-ին, Հյուսիս-Կովկասյան երկաթուղու Տիմաշեեւսկայա եւ Վեդմիդովկա կայարանների միջեւ անցնման հատվածում բեռնատարի վարորդը դուրս է եկել երկաթգիծ՝ մոտեցող թիվ 301 Մինսկ-Ադլեր երթուղով ընթացող ուղեւորատար գնացքի դիմաց: Վթարի հետեւանքով մեքենավարը եւ մեքենավարի օգնականը տուժել են, ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Գնացքի 15 ուղեւորները թեթեւ վնասվածքների գանգատներով դիմել են բժշկական օգնության», - ասված է հաղորդագրության մեջ:
Հյուսիսկովկասյան երկաթուղում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ միջադեպի հետեւանքով հոսպիտալացվել է 3 մարդ, բացի բեռնատարի վարորդից, դա մեքենավարն է եւ նրա օգնականը:
Ըստ մամուլի ծառայության, մեքենավարը արտակարգ արգելակում է կիրառել, բայց հեռավորությունը բավարար չի եղել եւ բախումից հնարավոր չի եղել խուսափել:
«Գնացքների երթեւեկությունը ներկա պահին կատարվում է հարեւան ուղիով: Սպասվում է, որ №103 Ադլեր-Մոսկվա եւ №335 Եկատերինբուրգ-Նովոռոսիյսկ երթուղով ուղեւորատար գնացքների աշխատանքը կհետաձգվի», - նշվում է հաղորդագրությունում:
Մամուլի ծառայությունում հաղորդել են, որ լոկոմոտիվի փոխարինումից հետո գնացքը շարունակել է ընթացքը:
«Երթեւեկությունը չի ընդհատվել», - ասել է գործակալության զրուցակիցը:
Տիմաշեւսկի շրջանի մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ անցումը, որտեղ տեղի է ունեցել վթարը, լուսացույց ունի, ձայնային ազդանշաններ եւ լավ վիճակում է:
«Այդ հատվածում պատահարներ շատ հազվադեպ են լինում», - հավելել է գործակալության զրուցակիցը:
Երկրամասի Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչությունում հաստատել են այս տեղեկությունը:




























