Կառավարությունը շուտով կընդունի որոշում, որով կսահմանվի դպրոցների ֆինանսավորման նոր բանաձեւ, ըստ որի՝ պետական ֆինանսավորման բաշխման ձեւը փոխվելու է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այսուհետ հաշվի է առնվելու ոչ միայն աշակերտների թիվը, այլ նաեւ դասարանների քանակը։
«Հանրակրթության ոլորտում ուսուցիչների միջին աշխատավարձի հստակ հաշվարկ չկա, քանի որ ներկայումս գործող բանաձեւով ամեն դպրոց ինքն է որոշում, թե դրույքն ինչքան է։ Նոր բանաձեւը զգալիորեն կօգնի այդ խնդրի լուծմանը, այսինքն՝ որոշակի մոտեցում կլինի ամենացածր դրույքնեի առումով, բացի այդ, զգալի թեթեւացում կլինի մինչեւ 300 աշակերտ ունեցող դպրոցների առումով, որոնք թերֆինանսավորված են»,-նշեց նախարարի պաշտոնակատարը։
Դիտարկմանը, որ ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձի մասին ԿԳ նախարարի պաշտոնակատարը հղում է կատարում եկամտային հարկի նվազեցման մասին օրենքին, սակայն այդ նվազեցումը մինչեւ 150 հազար աշխատավարձ ստացողների վրա չի անդրադառնալու, դժվարանում է արդյոք ԿԳ նախարարի պաշտոնակատարն ասել, որ ուսուցիչների ու գիտնականների աշխատավարձը չի բարձրանալու, Հարությունյանն ասաց․ «Չեմ դժվարանում, բայց մեր մասնագետների ներկայացրած տվյալներով՝ որոշակի բարձրացում լինելու է»։
Հարցին, երբ խոսում է օպտիմալացման մասին, նախարարի պաշտոնակատարը ուսուցիչների կրճատումներ նկատի ունի, ինչին վերջինս պատասխանեց․ «Ուսուցիչների կրճատման մասին չէ խոսքը, խոսքը դրույքների ամբողջացման մասին է, քանի որ այժմ տարբեր առարկաների բաշխվածությունը ուսուցիչների մեջ արդյունավետություն չի ապահովում, բայց մենք միաժամանակ գիտակցում ենք, որ այո՛, կարող են լինել դեպքեր, որ կրճատումներ լինեն, սակայն մենք չենք գնա այդ քայլին, մինչեւ չհասկանանք, թե այդ մարդկանց որտեղ ենք ներգրավելու։ Նրանց ներգրավվումը կլինի տարբեր միջոցներով, վերապատրաստումների միջոցով, թափուր հաստիքների համար նրանց նախապատրաստելու միջոցով եւ այլն»,-եզրափակեց նա։




























