Բաքվում ոստիկանությունը եւ քաղաքացիական հագուստով անձինք փորձել են խանգարել ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքների ներկայացուցիչներին բողոքի ցույց կազմակերպել:

contact.az-ը հաղորդում է, որ ակցիան անցկացվել է փոխհատուցում վճարելու պահանջով: Ոստիկանությունը եւ քաղաքացիական հագուստով անձինք կանգնեցրել են բողոքի ակցիայի մասնակիցներին՝ հիմնականում կանանց, որոնք քայլում էին ձեռքերում պահելով մահացած հարազատների նկարները: Նրանց առաջարկել են ոչ թե զանգվածային երթով գնալ, այլ 2-3 մարդ ուղարկել աշխատակազմ:

«Մենք սա գնահատում ենք որպես մարդու իրավունքների խախտում, անհարգալից վերաբերմունք: Մենք պատշաճ փոխհատուցում ենք ուզում: Մեզ չեն տալիս այդ փողերը», -ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:  Չնայած ոստիկանության հակազդեցությանը, բողոքի ակցիայի մասնակիցները շարունակել են երթը:

Այս տարվա գարնանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր էր ստորագրել  1991-97 թվականներին ռազմական գործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած անձանց ընտանիքներին միաժամանակյա փոխհատուցման վճարման մասին: Փոխհատուցումների վճարումը սկսվեց հոկտեմբերի 9-ից: Սակայն շատ ընտանիքներին մերժել էին դրանք վճարել այն պատրվակով, որ նրանք նախկինում արդեն ստացել են այդ միջոցները:

Փոխհատուցումներ չեն տալիս նաեւ ոստիկանների ընտանիքներին: Քաղաքացիների բողոքները պետական մարմինները չեն քննում: