Ազգային անվտանգության ծառայությանը 2019 թվականի բյուջեով նախատեսվում է հատկացնել 22 մլրդ 580 մլն դրամ, որը 2018 թվականի համեմատ ավել է 2 մլրդ, 207 մլն դրամով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նշել է ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը՝ հավելելով, որ այդ լրացուցիչ գումարն ուղղվելու է պարգեւավճարներին:
Նրա խոսքով, նախատեսված գումարի գերակշիռ մասը՝ 83 տոկոսը, նախատեսվում է աշխատողների աշխատավարձերի եւ պարգեւատրումների, դրամական խրախուսումների համար։ «Առանձին ծախսերով նախատեսվել է նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների, կենսաթոշակառուների համար հատկացնել 26, 793 մլն դրամ, ինչը 2018-ի համեմատ 5 տոկոսով ավելի է»,-ասաց Հակոբյանը։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը նշեց, որ մշտապես դռնբաց նիստում ներկայացվում է ԱԱԾ-ի ամբողջ բյուջեն եւ առաջարկեց, որ բյուջեն կազմելիս առանձնացվի երկու տարբեր՝ փակ եւ բաց մասեր՝ ելնելով պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենքի պահանջներից. «Ես ուզում եմ իմ այս մտահոգությունը քննարկեք ԱԱԾ-ում եւ գոնե հաջորդ տարիներին բյուջեի կազմման ժամանակ դա հաշվի առնեք, որ առարկայական քննարկումներ լինեն բյուջեի քննարկման ժամանակ: Այսինքն դա թույլ կտա ավելի առարկայական ներկայացնել ԱԱԾ-ի բյուջեի նախագիծը: ԱԺ-ն իրավունք չունի նման վերապահումներ անել որեւէ ոլորտի մասով: ԱԺ-ն պետք է կարողանա քննարկել, ապա նաեւ վերահսկել բյուջեի կատարումը: Խորհրդարանական երկրում չի կարող լինել այսպիսի բան»,-ասաց Նահապետյանը:




























