Տաջիկստանի հյուսիսում՝ Խուջանդ քաղաքի գաղութում բանտարկյալների խռովության արդյունքում երկու սպա՝ գաղութի եւ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցը մահացել են, եւս 6-ը վիրավորվել են, մահացած կալանավորների թիվը հասնում է 25-ի: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է Սոգդի մարզի ուժային կառույցների աղբյուրը:

Ավելի վաղ, Սոգդի մարզի իրավապահ մարմիններում աղբյուրը հաղորդել էր, որ բանտարկյալներից մեկը՝ ԻՊ անդամը, կարողացել է զինաթափել բանտապահին՝ վերցնելով հրացանը: Մի քանի այլ բանտարկյալներ միացել են նրան, հարձակվել պահակների եւ վերակացուների վրա՝ գրավելով գաղութի մասնաշենքերից մեկը: Գրոհի արդյունքում Սոգդի մարզի ՆԳ վարչության հատուկ նշանակության ջոկատը ճնշել  է խռովությունը: 

«Երկու սպաները մահացել են խռովության ընթացքում, 6 պահակները վիրավորվել են եւ հոսպիտալացվել...Նրանց կյանքին վտանգ չի սպառնում», — ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ տարբեր տվյալներով, մահացած բանտարկյալների թիվը կազմում է մոտ 25 մարդ:

Աղբյուրը նաեւ հաղորդել է, որ Սոգդի մարզի իրավապահ մարմինների ծառայության իրականացումը ուժեղացված ռեժիմի է անցել, հատկապես վերահսկվում են Խուջանդում բոլոր մուտքերն ու ելքերը: