Հայաստանի գազի հիմնական մատակարարումները իրականացվում են Ռուսաստանից, եւ Վրաստանի գազափոխադրման համակարգում առկա տեխնիկական խնդիրները մեծ ազդեցություն ունեն Հայաստանի գազի մատակարարման հուսալիության վրա։ Այս մասին ԱԺ–ում նոյեմբերի 8-ին Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգի գործունեության, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածության ուսումնասիրության նպատակներով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարեց «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:
Նա նշել է, որ առանձահատուկ մտահոգության առարկա է Կարմիր կամուրջ–Սեւքար– Բերդ մայրուղային գազատարի 15 կմ երկարությամբ հատվածը, որը կառուցվել է 90–ական թվականների սկզբին սեղմ ժամկետներում նորմատիվ պահանջների որոշակի շեղումներով։
«Նախկինում Հայաստան գազ մատակարարվում էր Ադրբեջանից, 90–ականներին պետք էր տեղափոխել գազամատակարարման մուտքը, հենց այդ ժամանակ մենք սկսեցինք այդ 15 կմ հատվածի շինարարությունը, կրկնում եմ՝ նման պայմաններում սեղմ ժամկետներում եւ նորմատիվ պահանջների բավականին խախտումներով»,– ասաց նա։
Միաժամանակ, նա շեշտեց, որ մայրուղային գազատարների 71 տոկոսը շահագործվում է արդեն ավելի 30 տարի, ընդ որում շուրջ 200 կիլոմետրը՝ ավելի քան 50 տարի, եւ մի շարք պատճառներով դրանք բավարար չեն տեխնիկական կանոնակարգով ներկայացված նորմերի պահպանման համար։
Նրա խոսքով՝ գազատարի մեծ մասը շահագործվում է տասնյակ տարիների ընթացքում, եւ այդ պատճառով ներդրումները հիմնականում ուղղվում են գործող համակարգին աջակցություն ցույց տալուն, անխափան գազամատակարարումը ապահովելուն, ինչպես նաեւ մաշված ակտիվները նորերով փոխարինելուն։
Թադեւոսյանը հայտնել է նաեւ, որ 2002-2017 թվականներին ներդրվել է շուրջ 340 միլիոն դոլար։




























