WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հրաժարվել է իր կատվից։
Justice for Assange կայքի խմբագիր Հաննա Յոհանսոնը հայտնել է, որ Ասանժը, ով արդեն վեց տարի թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանությունում, իր կամքով հրաժարվել է կատվից, որը հետաքրքիր էր դարձնում նրա կյանքը թաքստոցում։
Հոկտեմբերի կեսին հայտնի էր դարձել, որ Էկվադորի դիվանագետներն Ասանժի համար հատուկ կանոնակարգ են մշակել։ Մասնավորապես, դեսպանությունը պարտավորեցրել է, որ Ասանժն ինքը կերակրի իր սիրելի կատվին եւ հետեւի մաքրությանը։ Խախտման դեպքում դեսպանության աշխատակիցները սպառնացել են կատվին կենդանիների կացարան տեղափոխել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Այս սպառնալիքից վրդովված Ասանժը իր փաստաբաններին խնդրել է կատվին անվտանգ վայր տեղափոխել։ Այժմ կենդանին Ասանժի ընտանիքում է։
Կատուն Ասանժի մոտ է 2016 թվականից։ Նա հայտնի է սոցցանցերում եւ անձնական էջ ունի Twitter-ում։




























