Բրիտանիայում եւ Հոլանդիայում կարգավորողներն օգտատերերի անձնական տվյալների 2016թ․ արտահոսքի համար տուգանել են Uber-ին՝ տեղեկացնում է РБК-ն։

Հայտնի է, որ ընկերությունը Բրիտանիայում տուգանվել է 385 հազար ֆունտ սթեռլինգով։ Նշվում է, որ արտահոսքի պատճառով տուժել է 82 հազար բրիտանացի վարորդ։ Ընդ որում, Uber-ը կատարվածի մասին ավելի քան մեկ տարի օգտատերերին եւ վարորդներին չի հայտնել, այլ դրա փոխարեն 100 հազար դոլար է վճարել հաքերներին, որպեսզի նրանք ջնջեն իրենց մոտ հայտնված տվյալները։

Նմանօրինակ տեղեկատվություն է թողարկել նաեւ տվյալների պաշտպանության հոլանդական վարչությունը՝ DPA-ն։ Հայտարարվել է, որ Uber-ը, ինչպես կարգն է, 72 ժամվա ընթացքում չի տեղեկացրել կատարվածի մասին։ Տուժել է 174 հազար հոլանդացի, որի հետեւանքով ընկերությունը տուգանվել է 600 հազար եվրոյով։

Սեպտեմբերի վերջին Uber-ը համաձայնել էր 148 մլն դոլար վճարել 50 ամերիկյան նահանգների այն բանի համար, որ մեկ տարի թաքցրել էր վարորդների եւ հաճախորդների տվյալների արտահոսքը։

2016թ․ հաքերները գողացել էին Uber-ի 57 մլն հաճախորդների եւ վարոդների տվյալները։ Ընկերությունն իմացել էր այդ մասին, սակայն թաքցրել էր մինչեւ 2017թ․ նոյեմբեր։