ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը սուրբծննդյան տոնի առթիվ զարդարել է Սպիտակ տունը։ Այս տարի նա նախապատվությունը տվել է կարմիր գույնին։ Սպիտակ տան միջանցքներից մեկը զարդարում են մի քանի ալ կարմիր ամանորյա տոնածառներ։ Նախամուտքը զարդարված է տարբեր ձեւի ու չափի եղեւնիներով։
Մեծ ուշադրության են արժանացել նաեւ ամանորյա զարդերը, որոնցից մի քանիսն ապակուց են, եւ դրանց վրա Սպիտակ տունն է։
Դահլիճներից մեկի յուրաքանչյուր անկյունում հսկայական սուրբծննդյան տոնածառներ են՝ զարդարված կայծկլտացող լույսերով եւ կարմիր ու ոսկեգույն գնդերով։
«Սպիտակ տունը փայլփլում է սուրբծննդյան այս սեզոնին․․․ Սպիտակ տունը պատրաստ է տոնել Սուրբ ծնունդը»,- Twitter-ի իր էջում գրել է Մելանյան։




























