Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել հանգիստ եւ առանց էմոցիաների գործել:
NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, խորհրդարանի նախորդ երեք գումարումների պատգամավորը նշեց, որ Փաշինյանը պետք է պատասխանատու միջոցառումը՝ նախընտրական արշավն առանց էմոցիաների անցկացնի, որ բուն ընտրությունները համապատասխանեն միջազգային բոլոր ստանդարտներին, ազատ եւ թափանցիկ լինեն:
Նախկին խորհրդարանականը, միաժամանակ, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին խորհուրդ տվեց չձեռնարկել որեւէ քայլ, որը կարող է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ անցանկալի տարաձայնությունների հանգեցնել:
«Ինչ վերաբերում է վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից հնչած գնահատականներին, ապա դրանց ծանոթ եմ եւ կարող եմ պնդել, որ եղել են կոռեկտության շրջանակում: Դրանք տրամաբանական էին, բնական եւ, ինչու ոչ, անհրաժեշտ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հարցը չդառնա քաղաքական հաշիվներ մաքրելու միջոց կամ մանրադրամ»,- շեշտեց Վահրամ Աթանեսյանը:





























