Միմյանց մեղադրելու այս ձեւն ինձ համար անընդունելի է, դրանից ոչ ոք չի շահում։ NEWS.am–ի հետ զրույցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այսպես արձագանքեց Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, ՀՅԴ–ական Վահրամ Բալայանը։
«Թե Արցախի, թե Հայաստանի իշխանությունները պետք է ձեռնպահ մնան ներքաղաքական վիճակի վերաբերյալ կարծիք հայտնել եւ չխառնվել։ Իհարկե, Հայաստանն ու Արցախը հարազատ են, բայց որպեսզի որոշակի լարվածություն չլինի, պետք է չխառնվել։ Մեզ համար անչափ կարեւոր է երկու հայկական պետությունների համերաշխությունն ու միասնականությունը պահելն է։ Բայց պետք է հաշվի առնել, որ Արցախի իշխանությունը չէ նման հայտարարություններ արել, այլ անհատներ են եղել, որոնք պաշտոն են զբաղեցնում։ Պետք է ձեռնպահ մնալ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելուց, ես այդ կարծիքին եմ»,– ասաց Վահրամ Բալայանը։
Նա հիշեցրեց, որ այս թեման սկսել է Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությունից հետո։ Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի առաջին օրը Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան Արցախյան հերոսամարտը. «Հայաստանի քաղաքական գործիչները պետք է զերծ մնան նման զգայուն թեմաների շուրջ կարծիքներ հայտնելուց, ամեն մի նմանատիպ հարց որոշակի խնդիրներ է առաջացնում, հակասություններ է առաջացնում եւ ձեռք չի տալիս Հայաստանի ու Արցախի գործիչներին»։
Անդրադառնալով Փաշինյանի տոնայնությանը, Վահրամ Բալայանը նշեց, որ ինքը կողմնակից չէ նման պահվածքի. «Միմյանց մեղադրելու ձեւն ինձ համար անընդունելի է, դրանից ոչ ոք չի շահում, հայությունը չի շահում, ոչ էլ պետականությունն է շահում։ Կհորդորեի բոլոր քաղաքական ուժերին հարգանքի մթնոլորտում լինել։ Պատկերացրեք՝ վաղը Աստված չանի պատերազմ լինի ու իրար հետ կարող են սահման պահել։ Ճիշտ չէ միմյանց վիրավորել, հետո միասին սահման պահել, այդպես չէ, ես այդ պահվածքին դեմ եմ։ Նորից եմ ասում՝ ես մտածում եմ, որ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը անձնական կարծիք են հայտնել»։





























