Սուրբ ծննդի կապակցությամբ Սինգապուրի Չանգի օդանավակայանը «Հարի Փոթերի» ոճով են զարդարել՝ տեղեկացնում է Travel+Leisure-ը։
Այժմ օդանավակայանի №3 տերմինալում կարելի է տեսնել Հոգսմիգ գյուղի կրկնապատկերը, որտեղ կախարդներ են ապրում եւ աշխատում, երկաթուղային կայարանը, ուր ժամանում է Հոգվարդս-ճեպընթացը։ №2 տերմինալում աճում է Ռազմատենչ ուռին, իսկ №1 տերմինալը զարդարել են «Հարի Փոթերի» նախապատմության՝ «Առասպելական էակներ եւ որտեղ են նրանք բնակվում» ֆիլմի ոճով։ Ուղեւորները կարող են փորձել թիկնոցը, զինվել կախարդական փայտիկով եւ հմտանալ կվիդիչ խաղի մեջ։
Բացի այդ, օդանավակայանում քաղցրավենիքների եւ կախարդական իրերի թեմատիկ խանութներ են բացել։ Մինչեւ 2019թ․ փետրվարի կեսը այս դեկորացիաներով կարելի է հիանալ ամեն օր՝ ժամը 10-22-ը։




























