Բոլորին լավ հայտնի է, որ մարդկությունը տարիներ շարունակ տարբեր ավանդույթներ է կուտակել՝ դրանք փոխանցելով սերնդից սերունդ: Սակայն, ինչպես պարզվել է, մոլորակի վրա մարդիկ միակ արարածները չեն, որոնց համար ավանդույթները լուրջ նշանակություն ունեն, հայտնում է Planet Today-ը: 

Եթե ավելի վաղ հետազոտողներին հաջողվել էր պարզել, որ մշակութային տարբեր սովորություններ կան կապիկների եւ նույնիսկ կետերի շրջանում, ապա հիմա նրանք ավելի հեռուն են գնացել: Նրանք  մտադրություն ունեն պարզել՝ արդյոք ինչ-որ ավանդույթներ կա՞ն դրոզոֆիլ ճանճերի շրջանում:

Այս՝ ոչ այնքան դյուրին աշխատանքը նախաձեռնել են Թուլուզի համալսարանի գիտնականները, որոնք որոշել են միջատներին հետեւել ամուսնական ժամանակաշրջանում: Գործողությունների հաջորդականությունը պարզելու համար հետազոտողները ընտրել են դրոզոֆիլների երկու արուի՝ կանաչ եւ վարդագույն, ապա «փեսացուներին» ներկայացրել էգին:

Այս ընթացքում երկրորդ էգը ուշադիր հետեւել է առաջինի ընտրությանը: Երբ առաջին զույգն ընտրվել է, նույնպիսի ընտրություն էր սպասում նաեւ ավելի վաղ հետեւող ճանճին: Եվ նա, որքան էլ տարօրինակ է, ընտրել է նույն գույնի արուին:

Այսպիսի «ավանդական» ընտրությունը 80 տոկոսով ավելի հաճախ է կատարվել, քան պատահականը: Ընդ որում՝ միեւնույն գույնի արուի նորաձեւությունը պահպանվում է 8 սերունդ, որից հետո ցիկլը զրոյանում է եւ նորից սկսվում: Գիտնականների կարծիքով, սակայն, խմբի թիվը որքան մեծ է, այնքան ցիկլը կարող է երկար տեւել: