Շաբաթ Չինաստանի իշխանությունները զգոն քաղաքացիների ֆինանսական խրախուսման նոր արշավ են սկսել, որոնք պետք է մասնագիտացված մարմիններին հայտնեն պոռնոգրաֆիայի տարածման եւ այլ արգելված կոնտենտի դեպքերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պոռնոգրաֆիայի եւ ապօրինի տպագրության, աուդիո- եւ տեսաարտադրանքի դեմ պայքարի համաչինական գրասենյակին:

Գերատեսչության կայքում հաղորդվում է, որ նման պարգեւատրման համակարգը գոյություն է ունեցել նաեւ նախկինում, բայց իշխանությունները որոշել են ծրագիրը վերանայել եւ հստակ որոշել, թե որ «մատնության» համար ինչպիսի պարգեւատրում է սահմանվելու, որպեսզի քաղաքացիները մեծ ակտիվություն դրսեւորեն:

Պարգեւատրման չափը կհաշվարկվի որոշակի սխեմայով, պագեւավճարի գումարը կկազմի յուրաքանչյուր առանձին հրապարակումից ստացված ընդհանուր եկամտի մոտ 2 տոկոսը, սակայն չի կարող գերազանցել 600 հազար յուանը (ավելի քան 86 հազար դոլար): Եթե հրապարակման եկամուտն անհնար է պարզել կամ այն կկազմի 50 հազար յուանից (շուրջ 7 հազար դոլար) պակաս, ապա տեղեկատվության արժեքավորությունից կախված՝ պարգեւատրումը կկազմի 1 հազար յուանից (մոտ 145 դոլար) մինչեւ 5 հազար յուան (մոտ 720 դոլար):