ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունները «առաջընթաց մեծ քայլ են կատարել»։ Այս մասին Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի հետ հանդիպման ամփոփման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Շատ լավ բաներ են կատարվում։ Մենք գործ ունենք  մեծ ուժի հետ, բայց Չինաստանը նույնպես կարող է շատ բան շահել, եթե գործարքը կնքվի»,-իր թվիթերյան էջում գրել է Թրամփը։

«Արգենտինայում իմ հանդիպումը Չինաստանի նախագահի հետ սովորական հանդիպում չէր։ Չինաստանի հետ հարաբերություններն առաջընթաց մեծ քայլ են կատարել։ Չինաստանի հետ մեր գործարքի շահառուները կդառնան ֆերմերները եւ նրանք (չինացիներն) մտադիր են անմիջապես սկսել գյուղատնտեսական ապրանքների գնումը։ Մենք արտադրում ենք ամենալավ ու ամենամաքուր մթերքներն աշխարհում, եւ դա հենց այն է, ինչ Չինաստանը ցանկանում է։ Ֆերմերնե՛ր, ես ձեզ սիրում եմ»,-գրել է նա։    

Նշենք, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն դեկտեմբերի 1-ին առեւտրային պայմանագիր են կնքել՝ պայմանավորվելով, որ 90 օրվա ընթացքում կփորձեն հարթել առկա տարաձայնությունները։