Forbes ամսագիրը կազմել է Youtube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների վարկանիշը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Առաջնորդը 7-ամյա Ռայանն է, որը ծնողների հետ վարում է Ryan Toys Review ալիքը, որտեղ տեղադրում են տարբեր խաղալիքների մասին տեսություններ: Պատանի բլոգերի ալիքն ունի ավելի քան 17 մլն բաժանորդ, որոնց շնորհիվ նրա հոլովակն ունեցել է 26 մլրդ դիտում: Մեկ տարում ալիքը Ռայանի ընտանիքին բերել է 22 մլն դոլար:
Երկրորդ տեղում է Ջեյք Փոլը: Նա ունի 17 մլն-ից ավելի բաժանորդ, որոնք պարբերաբար դիտում են նրա տարբեր երաժշտական եւ երգիծական հոլովակները: Նրա տարեկան վաստակը կազմել է ավելի քան 21 մլն դոլար:
Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Dude Perfect թիմը: Հինգ ընկերները մեկ տարում 20 մլն դոլար են վաստակել ձեռքի տակ եղած տարբեր իրերով՝ սպորտային պարագաներից մինչեւ ջրի շիշ, հնարքների հոլովակի շնորհիվ: Ալիքին բաժանորդագրված է գրեթե 37 մլն մարդ:
Դենիել Միդլթոնը, որն անցյալ տարի գլխավորում էր ցուցակը, իջել է վարկանիշի չորրորդ հորիզոնական: Բրիտանացի գեյմերը վարում է DanTDMi ալիքը, որը մասնագիտացել է Minecraft խաղի ուղղությամբ, սակայն հրապարակում է նաեւ այլ տեսախաղերի տեսություններ: Նա գրեթե 21 մլն բաժանորդ ունի, իսկ մեկ տարում նրան հաջողվել է վաստակել 18 մլն դոլար:
Հինգերորդ տեղում է ամերիկացի ոճաբան, մոդել եւ երաժիշտ Ջեֆրի Սթարը: Նա հանրահայտ է դարձել դեռեւս MySpace պլատֆորմում: Նրա ալիքին, որը մեկ տարում նրան բերել է 18 մլն դոլար, բաժանորդագրված է ավելի քան 11 մլն մարդ:
Տասնյակի մեջ են մտել նաեւ Markiplier, Vanoss Gaming, Jacksepticeye, PewDiePie եւ Logan Paul ալիքները:
Վարկանիշը կազմելիս Forbes-ը հաշվի է առել բլոգերի ստացած աշխատավարձը 2017 թվականի հունիսի 1-ից 2018-ի հունիսի 1: Գումարը նշված է առանց հարկերը հանելու:





























