Դեկտեմբերի 3-ին Կորեայի ձորում կորած քաղաքացուն դեռ չեն գտել:

Հիշեցնենք, որ այդ օրը «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 14:00-ի սահմաններում քաղաքացին (63 տարեկան) գնացել է Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում գտնվող հողամասում աշխատանքներ իրականացնելու եւ չի վերադարձել:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 09:50-ին Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի մոտակայքում կորած քաղաքացու (Ն.  Բ.) որոնողական աշխատանքները վերսկսվել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքից հետո հետադարձ կապ էր հաստատվել ահազանգողի հետ, ով նշել է, որ քաղաքացին տնտեսական աշխատանքներ է իրականացրել Անտառային փողոցի տներից մեկի բակում գտնվող հավաբնում՝ ջրանցքի մոտ (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը):

Տեղեկություն է ստացվել, որ հայտնաբերվել է կոշիկ, որն անհետ կորած Ն.  Բ.-ի որդու հավաստմամբ պատկանում է հորը: