Նոր Ազգային ժողովի առաջին նիստը ըստ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պետք է վարի ամենատարեց պատգամավորը, մինչեւ ԱԺ նախագահի ընտրությունը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է, որ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի նիստերը բացում եւ մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը:

Հիշեցնենք, որ 2017-ին ձեւավորված Ազգային ժողովի առաջին նիստը վարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, որը 73 տարեկան է: Նոր խորհրդարանում Կնյազ Հասանովը ընտրվել է արդեն «Իմ քայլը» դաշինքի կողմից եւ կրկին ամենատարեց պատգամավորն է: Հետեւաբար, ամենայն հավանականությամբ, նիստը հենց նա էլ կվարի:

Նշենք, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են: Առաջին նիստում կընտրվեն ԱԺ նախագահ, երեք փոխնախագահներ, մշտական հանձնաժողովների նախագահներ: