Չինաստանի Հունան նահանգի Հենյան քաղաքի միջին աստիճանի ժողովրդական դատարանը չորեքշաբթի բաց դատաքննությամբ մահապատժի դատավճիռ է կայացրել տղամարդու նկատմամբ, որը այս տարվա սեպտեմբերին ամենագնացով դիտավորյալ մխրճվել էր բազմության մեջ, ինչի հետեւանքով 15 մարդ էր մահացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դատական ատյանի կայքը:
Պատահարը տեղի էր ունեցել այս տարվա սեպտեմբերի 12-ին: Հենյանի հրապարակում ամենագնացը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, արդյունքում մահացել էր 15 մարդ եւ տուժել 43-ը: Վարորդը՝ Յան Ցզանյունն անմիջապես ձերբակալվել էր:
Ավելի ուշ պարզվել էր, որ տղամարդը մի քանի նախկին դատվածություններ ունի եւ այս քայլին էր դիմել իր ծանր ճակատագրի համար հասարակությունից վրեժխնդիր լինելու համար:
Դատավճռի մեջ նշված է, որ Յան Ցզանյունը մեղադրվում է առանձնապես վտանգավոր եղանակով հանրության անվտանգությանը սպառնալիք ստեղծելու մեջ եւ վտանգավոր հանցագործության կատարման համար դատապարտվում է մահապատժի:
Շեշտվում է, որ ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել: Առայժմ հայտնի չէ՝ նա դատավճիռը կբողոքարկի, թե ոչ:





























