Բանգլադեշում քաղաքական բախումների հետեւանքով երկու մարդ է սպանվել, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են, հայտնում է Reuters–ը։

Երկրում դեկտեմբերի 30-ին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։

Երկրի վարչապետ, «Ավամի լիգ» կուսակցության առաջնորդ Շեյխ Հասինան մտադիր է վերընտրվել երրորդ ժամկետի համար։ Նրա վաղեմի հակառակորդը, ընդդիմադիր Ազգայնական կուսակցության առաջնորդ Հալեդա Զիան բանտում է գտնվում եւ իր խոսքով՝ մեղադրվում է քաղաքական մոտիվացիաներով հանցագործություններում։

Բանգլադեշի ազգայնական կուսակցությունը 2014 թվականին բոյկոտել է ընտրությունները՝ դրանք անարդար անվանելով, սակայն հայտարարել է առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին։

Երկրի ոստիկանությունը հայտնում է, որ 2 կուսակցությունների հետեւորդների միջեւ բախում է տեղի ունեցել, որի հետեւանքով «Ավամի լիգ» կուսակցության 2 անդամ է զոհվել։ Երկրի իրավապահ մարմիններում հայտնել են, որ դեպքի փաստով 45 մարդու դեմ գործ է հարուցվել։