Թաիլանդում արձակուրդի ժամանակ չինացին լողավազանում խեղդել է կնոջը ապահովագրական ընկերությունից բազմամիլիոն փոխհատուցումը ստանալու համար, հաղորդում է South China Morning Post-ը:

Տյանցզին քաղաքից Չժան Իֆանը մի քանի ամիս պատրաստվում էր ծրագրի իրականացմանը: Նա կնոջ համար մի քանի ապահովագրություն էր կազմել եւ նրա անունով պայմանագրեր կնքել՝ կեղծելով ստորագրությունը: Այնուհետ Չժանը կնոջ եւ դստեր հետ մեկնել էր Պհուկետ հանգստի:

Հանգստից մի քանի օր անց նա զանգել էր կնոջ հարազատներին եւ ասել, որ նա խեղդվել է լողավազանում:

Կնոջ հայրը զգացել է, որ ինչ-որ բան այն չէ. նրա դուստրը միշտ շատ լավ էր լողում: Ծնողները նրա դեմ խարդախության հայց են ներկայացրել, պահանջել են հանցագործի արտահանձնումը Չինաստան եւ հույս ունեն, որ նա կպատժվի:

Չժանը կարող էր ավելի քան 30 մլն յուան ստանալ:

Հարցաքննության ժամանակ Չժանը ընդունել է իր մեղքը: Նա ասել է, որ ծեծել է կնոջը, իսկ հետ նրա գլուխը ջրի տակ է պահել, որ նա չկարողանա դուրս գալ:

Չինացին բացատրել է, որ դիմել է այդ քայլին, քանի որ չէր ցանկանում այլեւս կնոջ հետ ապրել: