Իրավապահները ձերբակալել են երեքշաբթի երեկոյան ֆրանսիական Ստրասբուրգի կենտրոնում անցորդների վրա կրակած տղամարդու երկու եղբայրներին, հայտնում է Figaro պարբերականը:
«Մեր տեղեկություններով՝ կասկածյալի երկու եղբայրները հսկողության ներքո են: Նրանցից մեկը ներառված է fiche S-ում (անձանց ռեեստր, որոնք Ֆրանսիայի պետական անվտանգությանը սպառնալիք են ներկայացնում)»,- հայտնում է պարբերականը:
Միեւնույն ժամանակ, տեղական DNA պորտալի տեղեկություններով՝ ձերբակալվել է տղամարդու եղբայրներից մեկը:
«Ոստիկանները նման միջոց են ձեռնարկել, որպեսզի սահմանափակեն կասկածյալի ցանկացած շփումն իր շրջապատի հետ»,- պարզաբանում է պորտալը:
Երեքշաբթի երեկոյան Ստրասբուրգում անհայտ անձը կրակոցներ է արձակել ծննդյան տոնավաճառի մոտ: Միջադեպի հետեւանքով զոհվել է 3 մարդ, եւս 13-ը տարբեր վնասվածքներ են ստացել: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ կասկածյալը ծագումով Ստրասբուրգից 29-ամյա տղամարդ է: Հանցագործության վայրից փախած հրաձիգի որոնումներով զբաղված է իրավապահ մարմինների 350 աշխատակից:





























