Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում քիչ առաջ վերսկսվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը։
Նիստի մեկնարկին պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Ռոբերտ Պապոյանին։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Նշենք, որ դատավոր Ռոբերտ Պապոյանն արդեն մերժել է ապօրինի հարստացման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշնական կողմի միջնորդությունը։ Այսօր դատարանը պետք է կանդրադառնա Ղազարյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու ՀՔԾ–ի միջնորդությանը։
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը NEWS.am-ին հայտնել էր, որ Վաչագան Ղազարյանին 27.06.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաեւ ապօրինի հարստացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վաչագան Ղազարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստ է 6 մլն դոլարի չափով դրամական միջոցները փոխանցել պետությանը:





























