ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստին առաջին անգամ դատարան էր ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը: Նա դատարան էր ներկայացել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ոստիկանության աշխատակիցներից հետաքրքրվեց, թե ինչու՞ են նրանք ուղեկցում տուժողին, ինչին ի պատասխան՝ ոստիկաններից մեկն ասաց՝ Դավիթի անվտանգության համար:
Մեղադրող դատախազ Աբգար Առաքեյանն ասաց, որ այս գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց կիրառված չէ, և ինքը տեղյակ չէ, թե ինչու են նրան ուղեկցում ոստիկանները:
Գործով ամբաստանյալ Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանն առարկեց, որ ոստիկանները նստեն տուժողի կողքը: Ըստ պաշտպանի՝ տուժողը դատարան չի ներկայացվել որևէ ապացույց նրանց՝ ոստիկանության աշխատակից լինելու վերաբերյալ: Դատարանի որոշմամբ՝ ոստիկանները տեղափոխվեցին ապակիների այն կողմում գտնվող՝ ներկաների համար նախատեսված հատված:
Ի դեպ՝ այսօրվա դատական նիստի ընթացքին հետևում է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը: Մեզ հետ զրույցում Իգոր Խաչատուրովը նշեց, որ Հայկ Սարգսյանն իր մանկության ընկերն է։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Ավելի վաղ հայտել ենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։





























