Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել էր շուրջ 4,7 տոկոս ձայն եւ չէր անցել նոր խորհրդարան, ամենից շատ ձայն հավաքել է Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ երկու ընտրական տարածքում: Այստեղ ՀՀԿ-ն ստացել է 8367 ձայն կամ 7.99 տոկոս: Այս ընտրական տարածքում առաջադրվել էին ՀՀԿ-ից առաջին փոխվարչապետ Վիգեն Սարգսյանը (4087 ձայն), Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը (1961), պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը, լրագրող Մարգարիտ Եսայանը:

Երկրորդ տեղում Լոռու մարզն է, որտեղ ՀՀԿ-ն բավական ուժեղ թիմ էր ներկայացրել եւ ստացել է 7961 ձայն կամ 7.07 տոկոս: Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել էր Վահրամ Բաղդասարյանին (2660 ձայն), Էդուարդ Շարմազանովին  (1663), նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանին (2583):

Երրորդ լավագույն արդյունքը ՀՀԿ-ն ցույց է տվել Ավան, Նոր Նորք, Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրական տարածքում: Այստեղ ՀՀԿ-ն ստացել է 6745 ձայն կամ 6.96 տոկոս: Այս ընտրական տարածքում առաջադրվել էր ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, սակայն առավել ձայներ ստացել էին Արմեն Ալավերդյանը (1181) եւ Արա Ճորուխյանy (1080):

Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրական տարածքում ՀՀԿ-ն ստացել է 7148 ձայն կամ  6.39 տոկոս: Այստեղ ՀՀԿ-ից առավել ձայներ ստացել են Մուրադ Մուրադյանը (1840), Կարո Կարապետյանը (1245) եւ Հրայր Հակոբջանյանը (1082):

Երեւանի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում ՀՀԿ-ն ստացել է 6252 ձայն կամ 6.45 տոկոս: Այստեղ ՀՀԿ-ին ձայներ են բերել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ 2396 ձան եւ Դավիթ Շահնազարյանը՝ 835 ձայն:

Հաջորդը Երեւանի  Մալաթիա–Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրական տարածքն է, որտեղ ՀՀԿ-ն ստացել է 4548 ձայն կամ 4.37 տոկոս: Այստեղ ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն ստացել է 1270 ձայն, իսկ Վահան Բաբայան 948 ձայն:

Կոտայքի մարզի թիվ 10 ընտրական տարածքում ՀՀԿ-ն ստացել է 4145 ձայն կամ 3.54 տոկոս:

Շիրակի մարզի թիվ 11 ընտրական տարածքում ՀՀԿ-ն ստացել է 3029 ձայն կամ 2.93 տոկոս:

Սյունիք, Վայոց Ձոր մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքում ՀՀԿ-ն ստացել է 2907 ձայն կամ 3.22 տոկոս: Հատկանշական է, որ որքան էլ Մենուա Հարությունյանը վստահեցնում էր, թե իր հարազատ մարզում բարձր ձայներ է ստանալու, սակայն ՀՀԿ-ից այստեղ առավելագույն ձայներ ստացել են Արայիկ պարոնյանը (754) եւ Հարություն Սարգսյանը (587):

Հաջորդ մարզը Արմավիրն է, որտեղ ՀՀԿ ստացել է 2655 ձայն կամ 2.56 տոկոս: Այստեղ ՀՀԿ-ին ձայն են բերել նախկինմարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ 890 ձայն եւ Մովսես Քարտաշյանը՝ 769 ձայն:

Գեղարքունիքի թիվ 8 ընտրական տարածքում ՀՀԿ-ն ստացել է 2655 ձայն կամ 2.76 տոկոս:

Նիկոլ Փաշինյանի հարազատ Տավուշի մարզում ՀՀԿ-ն ստացել է 1369 ձայն կամ 2.38 տոկոս: Այստեղ ՀՀԿ-ից առավել ձայներ ստացել են նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը (778) եւ Հրայր Աբգարյանը (191):

Եվ վերջապես առավել քիչ թվով ձայներ ՀՀԿ-ն ստացել է Արագածոտնի մարզում՝ 1278 ձայն կամ 2.09 տոկոս: