Ռեժիսոր Արամ Շահբազյանը այսօր անժամկետ հացադուլ է սկսել մշակույթի նախարարության շենքի մոտ եւ արդեն դադարեցրել:
Նա նշեց, որ զրուցել է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ և տիկին Մակունցը խոստացել է այս պահից գործընթաց սկսել.
«Նախարարը եկավ ներքև և ինձ հրավիրեց վերև, մոտ մեկ ժամ զրուցեցինք, ես բարձրաձայնեցի բոլոր խնդիրների մասին, և նա ասաց, որ հենց այս պահից գործընթաց է սկսում՝ այդ խնդիրների հետ կապված և խնդրեց ինձ դադարեցնել հացադուլը: Նախարարը նաև վստահեցրեց, որ գործընթացները կլինեն ամենաարդար և թափանցիկ ձևով»,- ասաց նա:
Ռեժիսորը հավելեց նաև, որ եթե գործը տեղից չշարժվի, կրկին հացադուլ կհայտարարի:
Արամ Շահբազյանի հացադուլի պատճառը նրա կիսատ մնացած «Չնչիկ» ֆիլմն է․ 2003-2006 թթ. ֆիլմի նախագիծը շահել էր 75 հազար դոլար և 110 հազար եվրո դրամաշնորհ, և դիմել էին ֆիլմարտադրության աջակցության ծրագրին։ «Չնչիկը» դեռեւս 2010-ին պետք է ավարտվեր, սակայն անհրաժեշտ գումարը այդպես էլ չի հատկացվել։





























