Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Twitter-ում լատինամերիկյան երկրի ղեկավարի գրառմանը:

«Մենք քննարկեցինք միգրացիայի թեման եւ Կենտրոնական Ամերիկայում եւ մեր երկրում աշխատատեղերի ստեղծման եւ զարգացման համատեղ ծրագիր իրականացնելու հնարավորությունը», - գրել է Լոպես Օբրադորը: Նա նաեւ նշել է, որ շփումը տեղի է ունեցել հարգալից եւ բարյացակամ մթնոլորտում:

Լոպես Օբրադորը նախկինում հայտարարել էր, որ ցանկանում է նպաստել Կենտրոնական Ամերիկայի երկրների տնտեսական զարգացմանը` այնտեղից միգրանտների հոսքը նվազեցնելու համար: Երկուշաբթի Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը հայտարարել էր, որ նոր կառավարությունը մտադիր է 30 մլրդ դոլար հատկացնել երկրի հարավային շրջանների զարգացման համար, ինչպես նաեւ աշխատել Հոնդուրասի, Գվատեմալայի եւ Սալվադորի իշխանությունների հետ` տարածաշրջանի համալիր զարգացման ոլորտում:

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, ամեն տարի Կենտրոնական Ամերիկայի հանրապետություններից մոտ 400 հազար բնակիչներ փորձում են Մեքսիկայի միջոցով հասնել Միացյալ Նահանգներ: Այդ ճանապարհին նրանց տարբեր տեսակի վտանգներ են սպառնում, հաճախ նրանք դառնում են հանցավոր խմբավորման կամ թրաֆիքինգի զոհեր: