ԱՄՆ Սենատն ընդունել է ժամանակավոր բյուջեն՝ մինչեւ 2019 թվականի փետրվարի 8, վկայում են քվեարկության արդյունքները:

Հիմա օրինագիծը քննարկելու է Ներկայացուցիչների պալատը: Երկրի նախագահ Դոնալդ Թրամփն այն պետք է ստորագրի մինչեւ ուրբաթ, այլապես դաշնային հաստատությունները կարող են աշխատանքը դադարեցնել Կոնգրեսի կողմից ընդունված ֆինանսավորման բացակայության պատճառով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Բյուջեի մեջ ներառված չէ սահմանային պատի կառուցման համար Թրամփի պահանջած 5 մլրդ դոլարը: Պատի հետ կապված բանավեճերը կշարունակվեն Կոնգրեսի նոր գումարման ժամանակ, ինչը կլինի հունվարին: Սենատում դեմոկրատները հրաժարվել են պատի համար փող հաստկացնել, իսկ հունվարից նրանց կմիանա նաեւ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների խմբակցությունը, որը նոր գումարման ժամանակ մեծամասնություն կունենա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ չի ստորագրի բյուջեն, եթե դրա մեջ պատի կառուցման համար փողի հատկացումը չլինի, բայց հետո նրա խորհրդականները հասկացրել են, որ նախագահը համաձայն է ժամանակավոր բյուջեին եւ Կոնգրեսում հետագա քննարկումներին:

Օրենսդիրները շտապում են բյուջեն ընդունել, քանի որ ուրբաթ նախատեսում են Ծննդյան արձակուրդների մեկնել իրենց նահանգներ: Եթե իշխանության դաշնային մարմինները փակվեն տոնից առաջ, ապա Կոնգրեսի համար խնդրահարույց կլինի մինչեւ հունվարի սկիզբ հավաքվել բյուջեն ընդունելու: