Ռուսաստանին բեկում է պետք, իսկ դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ, կառավարությունը եւ վարչակազմը զբաղվում են դրանց որոնումներով: Մամուլի ասուլիսին այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Առանց նպատակների սահմանման անհնար է վերջնական արդյունքի հասնել, դրա համար 12 ազգային նախագիծ է ստեղծվել գիտության, առողջապահության, կրթության ոլորտում: Առանց մարդկային կապիտալի բեկումն անհնար է»,-ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ շեշտը դրվում է տնտեսության վրա, ինչպես նաեւ տեխնոլոգիաների. «Հուսով եմ, որ դաշնային կենտրոնը եւ տարածաշրջանի կառավարությունները համակարգված կաշխատեն», - ասել է Պուտինը:
Պուտինը ուշադրություն է հրավիրել նաեւ կյանքի տեւողության բարձրացման վրա: 2018 թ.-ին այն մինչեւ 72.9 տարի է հասել նախորդ տարվա 72.7 տարվա համեմատ:
«Ֆինանսները ամրապնդվում են, ոսկու արժութային պահուստները ավելանում են: Բյուջեն 2011-ից հետո առաջին անգամ պրոֆիցիտ ունի: Ավելանում է նաեւ ազգային բարեկեցության հիմնադրամը: Այս տարի կենսաթոշակի միջին տարեկան չափը 14163 ռուբլի է: Բարձրանում է նաեւ աշխատավարձերի մակարդակը: Պահպանվում է ընդունելի գնաճը, թեեւ անցյալ շաբաթ որոշակի աճ է նկատվում: Կրճատվում է գործազրկությունը: Անցյալ տարի ցուցանիշը պատմական նվազագույնի էր հասել: ՀՆԱ-ն 1,7 տոկոսով աճել է: Վերամշակող ոլորտները 3,2 տոկոսով ավելացել են: Բնակչության իրական եկամուտները 0,5 տոկսով ավելացել են», - տարին ամփոփել է նախագահը:




























