Արտահերթ խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգն այն էր, թե հատկապես որ քաղաքական ուժը կդառնա ընդդիմություն: Դեկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության առաջնորդ Արման Ղուկասյանը:
Ղուկասյանի խոսքով՝ ակնհայտ էր, որ խորհրդարանական մեծամասնություն կդառնա այն քաղաքական ուժը, որի առաջնորդը երկրում հեղափոխություն իրականացրեց:
«Ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարան անցած երկրորդ եւ երրորդ քաղաքական ուժերը դարձան համապատասխանաբար՝ «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լուսավոր Հայաստանը», որոնք հիմա միմյանց հետ փորձում են որոշել, թե իրենցից ով է իսկական ընդդիմությունը: Նրանց հետագա քայլերը ցույց կտան, թե ով ով է, սակայն մեր կուսակցության կարծիքով՝ գոյություն չունի իսկական եւ ոչ իսկական ընդդիմություն, նման տարանջատում չկա, սա կեղծ օրակարգ է եւ արհեստական մեկնաբանում, որը չի հետապնդում հանրային շահերը: Մեր կուսակցությունը, որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ, կլինի հանրային շահերի պաշտպանը, ընդ որում՝ մեզ ընդդիմություն չենք անվանի: Բայց եթե իշխանությունները հասարակության շահերի դեմ ուղղված քայլեր ձեռնարկեն, ապա մենք ընդդիմություն կդառնանք: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը եւ նրա ղեկավարած քաղաքական ուժը կգործեն երկրի եւ հասարակության շահերի շրջանակում, ապա մենք իշխանամետ քաղաքական ուժ ենք»,- նշեց Ղուկասյանը:
Անդրադառնալով նախընտրական շրջանին՝ նա նշեց, որ նախընտրական արշավի ժամանակ քաղաքական ուժերի միջեւ երկխոսություն եղավ, ինչը դրական գործոն է: Նրա գնահատմամբ՝ ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների հեռուստաբանավեճը դրական նախադեպ էր, որը պետք է շարունակություն ունենա. «Երկրորդ դրական գործոնը այն հանգամանքն է, որ քաղաքական ուժերը փորձեցին ընտրողի հետ երկխոսություն հաստատել, եւ դա տեսանելի էր համացանցում նրանց երկխոսությունից, որտեղ մի շարք թեկնածուներ առցանց էին հանդես գալիս: Սա վկայում է մոբիլության մասին, ինչը չի կարելի չողջունել: Չի կարելի չնշել, որ նախընտրական շրջանում որոշ քաղաքական ուժեր կրեատիվությամբ աչքի ընկան»:
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության բացասական կողմերին, ապա, ըստ Ղուկասյանի, ավելի լավ կլիներ, եթե քաղաքական ուժերը մեծ ուշադրություն դարձնեին իրենց նախընտրական ծրագրերին եւ ապագայի տեսլականին:
«Նախընտրական քարոզչության ժամանակ մենք քաղաքական ուժերի տնտեսական ծրագրեր, երկրի տնտեսական զարգացման նրանց տեսլականը գրեթե չտեսանք: Իհարկե, տնտեսական բաղադրիչը լիովին չէր բացակայում, սակայն պատշաճ ներկայացվաած չէր:
Այդ բաղադիչը փոխարինվել էր նախկին իշխանությունների դեմ քննադատությամբ, ինչն, իհարկե, օբյեկտիվ է, սակայն պետք էր ապագայի ծրարգերի մասին խոսել: Մեր կուսակցությունը կարծում է, որ խորհրդարանում մեծամասնություն ստացած քաղաքական ուժը՝ «Իմ քայլը», երկրի սոցիալ-տնտեսական դրության համար պատասխանատվություն է կրում: Արդեն մոտ ապագայում, մենք պետք է այդ ոլորտում փոփոխություններ տեսնենք, քանի որ դա մեր երկրի համար ամենաառաջնային հարցն է», -ասաց Ղուկասյանը:
Նա նաեւ հավելեց, որ իր գլխավորած կուսակցությունը պատրաստ է համագորածկցել խորհրդարանական ուժերի հետ, եթե նրանց քաղաքական ծրագրերը կյանքի կոչվեն:
«Մենք պատրաստ ենք նրանց հետ համագործակցել, օգնել նրանց հանուն մեր երկրի, մեր ժողովրդի շահերի»:





























