Պետք չէ շփոթել խմբակցության ներսում նեղ քննարկումները ընդդիմության հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ փոխվրչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հայտարարությանը, թե նոր ԱԺ-ում իրական ընդդիմությունը «Իմ քայլը» խմբակցությունից է լինելու, քանի որ տարբեր հայացքների տեր անձինք են հավաքվել  եւ չեն կարող չլինել բախումներ:

Արմեն Բադալյանը նկատեց, որ ընդդիմությունը քաղաքական ուժի կարգավիճակն է Ազգային ժողովում եւ չի կարող մեկ խմբակցության մեջ լինել ընդդիմություն:

«Այո, մեկ խմբակցության ներսում կարող են լինել պատգամավորներ, որոնք այս կամ այն հարցի վերաբերյալ ունեն տարբեր մոտեցումներ, դա հնարավոր է, բայց ընդհանուր առմամբ, նրանք բոլորն ունեն նույն մոտեցումը: Ընդդիմությունը նա է, որ ընդհանուր մոտեցումներին է դեմ արտահայտվում, ոչ թե այս կամ այն կոնկրետ հարցին:

Ժողովրդավարական երկրներում միշտ էլ նույն կուսակցության ներսում լինում են տարբեր մոտեցումներ, անգամ  ներկուսակցական ընդդիմություն է լինում, բայց ընդհանուր վերցրած, նրանք մի քանի կետերի շուրջ պետք է ունենան միասնական դիրքորոշում, ինչն իրենց միավորում է:

Իսկ ահա ընդդիմադիր ուժերը սկզբունքային հարցերում տարաձայնություններ ունեն իշխանության հետ եւ նրանց շփոթել կուսակցության ներսում տարբեր կարծիքներ ունեցող փոքր խմբակների հետ, հարցի չիմացությունից է գալիս»,-ասաց քաղտեխնոլոգը:

Իրական ընդդիմությունն «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու․ Տիգրան Ավինյան