60-ամյա ճապոնացի Կիոոչի Վատանաբեն տխրահռչակ «Ինքնասպանությունների անտառում» երգերի միջոցով փորձում է իր հայրենակիցներին հեռու պահել մահից:
AFP-ն հաղորդում է, որ անտառի հսկիչը ամեն գիշեր կիթառի վրա նվագում ու երգեր է երգում՝ հուսալով, որ երգը մարդկանց կօգնի հաղթահարել հուսահատութունը, քանի դեռ շատ ուշ չէ: Երաժիշտը 8 տարի պայքարում է անտառի չարագույժ հեղինակությունը փոխելու համար՝ դիմելով նրանց, ովքեր իրենց կյանքին վերջ դնելու համար գալիս են այստեղ:
Աոկիգահարա անտառը անցյալ տարի հայտնվել էր բոլոր հայտնի լրատվամիջոցների վերնագրերում, երբ YouTube-ի աստղ Լոգան Փոլը ցույց էր տվել ինքնասպանության զոհին:
Տեսահոլովակը զայրացրել եւ վրդովեցրել էր Վատանաբեին, որը անտառից քիչ հեռու է ծնվել եւ իր կյանքի մեծ մասն այնտեղ է անցկացրել:
«Մարդիկ ցանկանում են այս անտառը դժոխքի վերածել», -ասել է նա՝ նշելով, որ իր համար ցավալի է տեսնել, որ անտառն այդքան մռայլ գույներով են պատկերում:
Վատանաբեն այժմ ապրում է Աոկիգահարայի հյուղակում: Անտառի անվանումը նշանակում է «կապույն ծառերի դաշտ»:
Երբ գալիս է գիշերը, նա միացնում է բարձրախոսները եւ սկսում է երգել՝ խախտելով ծառերի օվկիանի խիտ լռությունը:
Նա հավատում է, որ երաժշտությունը ներքին քաոս ունեցող մարդկանց օգնելու միջոց է՝ պնդելով, որ մարդիկ հեռանում են անտառից, երբ մեղեդիներ են լսում:





























