Ամենամյա առցանց քվեարկության արդյունքներով «Ձգտումը» եւ «Դուրս գալը» դարձել են 2018 թվականի հիերոգլիֆներ: Քվեարկությունն անցկացվել է մոնիթորինգի եւ հետազոտությունների չինական պետական լեզվաբանական կենտոնի աջակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ձգտել» հիերոգլիֆը, որը նաեւ «ոգեշնչվել, առաջ մղվել, ինքնամոռաց աշխատել» իմաստ ունի, ներքին թեմատիկայով տարվա հիերոգլիֆ է դարձել: Մասնագետների կարծիքով դրա պատճառն այն է, որ ժամանակակից բուռն դարաշրջանում պայքարը եւ առաջ մղվելու ցանկությունը յուրատեսակ երջանկություն են:
«Դուրս գալ» հիերոգլիֆը, որը կարելի է նաեւ «նահանջել, հետ գնալ, հրաժարվել» թարգմանել, միջազգային թեմատիկայով տարվա հիերոգլիֆ է դարձել: Փորձագետները դա բացատրում են նրանով, որ 2018-ին «դուրս գալ» բառը ցնցել է գրեթե ողջ մոլորակը:
2018-ին «դուրս գալու» հարցում ԱՄՆ-ն առաջին տեղն է զբաղեցրել: Դրանց թվում են Իրանի միջուկային համաձայանգրից, ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդից, համաշխարհային փոստային միությունից դուրս գալը:
Ոչ պակաս կարեւոր է դարձել Brexit-ը՝ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը: Մեկ այլ անսպասելի ելք էր դարձել OPEC-ից Կատարի դուրս գալը:
Ներքին թեմակտիկայով տարվա արտահայտություն է դարձել «բարեփոխումների եւ անկեղծության քաղաքականության 40-ամյակը». այս տարեթիվը 2018-ին լայնորեն նշվել է Չինաստանում:





























