Երեւանի ավագանու այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի արտահերթ նիստում որոշվեց 2018 թվականի բյուջեում փոփոխություններ իրականացնել. Մասնավորապես, բյուջեի ծախսային եւ եկամտային մասը նվազեցվեց 1 մլրդ 440 մլն դրամով:

Հարցը ներկայացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ այդ գումարի հիմնական մասը բաժին է ընկնում վարկային ծրագրերին:

«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանը նկատեց, որ չկան հիմնավորումներ, թե ինչու են կրճատվել որոշ վարկային միջոցներ, ինչու են կրճատվել դրամաշնորհներ, ինչու չի կատարվել բյուջեն այս մասով: Ի պատասխան Հայկ Սարգսյանը նշեց. «Խոսքը ոչ թե բյուջեի կրճատման մասին է կամ ծրագրերի չկատարման, այլ ծրագրերը, որոնք մնացել են ազատ՝ մնացորդներ տարվա վերջի դրությամբ, կառավարությունը որոշել է, որ այդ գումարները վերադարձվեն իրենց ծագման աղբյուրին: Այդ ծրագրերը վերաբերում են շինարարության, տրանսպորտի ոլորտներին եւ այլն»:

Ավագանու մեկ այլ նմանատիպ որոշմամբ քաղաքի բյուջեն կրճատվեց 510 մլն դրամի չափով. «Դրանից 290 մլն դրամը Երեւանի մետրոպոլիտենում Ասիական բանկի կողմից իրականացվող վերակառուցման ծրագրի երկրորդ տրանշի գումարն էր, որը կրճատվում է: 219 մլն դրամի չափով կառավարության կողմից ԿԳՆ-ի կրթական ծրագրերով վերաբաշխումներն են»,-ասաց Հայկ Սարգսյանը: