Հայաստանի նոր իշխանությունների մոտ նկատվում է տնտեսական քաղաքականությանը ծրագրային մոտեցման բացակայությունը: Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ այս մասին ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին Կենտրոնական բանկի նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ սա արտացոլված է 2019 թվականի պետական բյուջեում, որն, ըստ էության, հին եւ նոր մոտեցումների խառնուրդ է, ինչպես նաեւ արտաքին առեւտրի ցուցանիշներում: «Այս տարի մենք կգրանցենք բացասական սալդո, ներմուծման ցուցանիշները գրեթե երկու անգամ կգերազանցեն արտահանման ցուցանիշներին»,- նշեց տնտեսագետը: Ասատրյանը հավելեց, որ կառավարությունը պետք է մտահոգվի նաեւ գյուղատնտեսության վիճակով՝ հաշվի առնելով այս ոլորտում բնակչության զբաղվածության մակարդակը:
Ինչ վերաբերում է արտադրության աճի տեմպի նվազման ցուցանիշներին, ապա դա, նրա գնահատմամբ, կապված է հանքարդյունահանման ոլորտում արտադրության 13 տոկոսով կրճատման հետ: «Սակայն հարկ է առանձնացնել նաեւ դրական միտումները, մասնավորապես՝ վերամշակման արդյունաբերության ոլորտում»,- հավելեց նա:
Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ տասնամյակների հետընթացից հետո այսօր երկրի տնտեսության մեջ նկատվում է ամենաակտիվ եւ հետաքրքիր շրջաններից մեկը: «2018 թվականի գլխավոր ձեռքբերումն այն է, որ հույս է արթնացել: Ինչպես արդեն ասել եմ, 5,5-6 տոկոսի սահմաններում տնտեսական աճը շատ լավ ցուցանիշ է՝ հաշվի առնելով, որ հիմա Հայաստանի տնեսության մեջ տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ: Այսօր դիտվում է տնտեսության համար այնպիսի կործանարար գործոնների չեզոքացում, ինչպիսին են կոռուպցիան, տնտեսական մենաշնորհը, օլիգարխիան: Բնական է, որ նման պայմաններում տնտեսության սրընթացք թռիչք սպասելու հարկ չկա, առավել եւս նոր խորհրդարանի եւ կառավարության ձեւավորման շրջանում»,- եզրափակեց տնտեսագետը:





























