Հայաստանի տնտեսությունը շարունակում է կրել իներցիոն բնույթ եւ այսպիսի պայմաններում լուրջ փոփոխությունների սպասել պետք չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, կլոր սեղան–քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։  

Նրա խոսքով՝ ներկա պայմաններում ղեկավարվել տնտեսական ցուցանիշներով նպատակահարմար չէ. «Այլ բան է, թե արդյոք այս ժամանակահատվածն օգտագործվել է ստեղծելու այնպիսի հիմքեր եւ ուղղություններ, որոնք կբերեն երկրի տնտեսության կտրուկ վերափոխման»։

Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ 5-6 տոկոս աճի ցուցանիշը կրում է ֆորմալ բնույթ, քանի որ ունենք ավելի խորը խնդիրներ, որոնք կապված են տնտեսության կառուցվածքային մոտեցումների վերանայման հետ։

Նա նկատեց, որ Հայաստանից բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման մասնաբաժինը կազմում է ընդամենը 3 տոկոս, իսկ եթե գումարենք նաեւ միջին տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը, ապա ընդհանուր կազմում է ավելի քան 13 տոկոս։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զարգացող երկրներում այդ ցուցանիշը 60 տոկոսից պակաս չի լինում, ապա Հայաստանի դեպքում այդ ցուցանիշը մտահոգություն է առաջացնում։

Նա նշեց, որ ներդրումների հոսքը, որ սպասվում էր հեղափոխությունից հետո, այսօր չի նկատվում։ «Քանի դեռ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մոտեցում, համապատասխան օրենսդրական բարեփոխումներ չկան, լուրջ ներդրումների, միջին եւ փոքր բիզնեսի զարգացման սպասել պետք չէ»,– շեշտել է Մինասյանը։

Անդրադառնալով բանկային համակարգում իրավիճակին՝ նախկին նախարարը հայտարարել է, որ բանկային համակարգը օրգանական կապ չունի մեր տնտեսության հետ եւ այստեղ լուրջ փոփոխությունների կարիք կա։ «ՀՀ տնտեսության զարգացմանը խոչընդոտող մեկ այլ գործոն է կուտակային կենսաթոշակային համակարգը»,–եզրափակել է նա։