Տեղական տուրքերի եւ վճարների բարձրացումը չի բերի որեւէ բիզնեսի խաթարման: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լարգրողների հետ զրույցում նշեց Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւան քաղաքի 2019-ի բյուջեով նախատեսվում է բարձրացնել տեղական տուրքերը եւ վճարները:
Մասնավորապես, ոչ հիմնական շենքերի եւ շինությունների շինթույլտվության համար տեղական տուրքը մոտ 40 տոկոսով է ավելացվել, իսկ վառելիքի լիցքավորման կայանները ներկայիս 350 հազար դրամի փոխարեն համայնքին տարեկան կվճարեն 600 հազար դրամ:
Այս առնչությամբ, Հայկ Սարգսյանը նշեց, որ պարզելու համար, թե այդ փոփոխությունն ինչ բեռ կարող է առաջացնել փոքր բիզնեսի վրա, իրենք վերցրել են որպես հաշվարկի բազա քաղաքում ամենափոքր, մեկ լցակետ ունեցող, տնտեսապես ամենավատ գոտում գտնվող բենզալցակայանի շրջանառության տվյալներ. «Միջին օրական վաճառքը նման բենզալցակայանում կազմում է 400-500 լիտր է: Պարզ թվաբանական հաշվարկով եթե ավելի 250 հազար դրամը բաժանում ենք օրական ծավալի վրա, դա 1.37 դրամ 1 լիտրի վրա բեռ է առաջացնում՝ 450, 430, 420 գնի պայմաններում»,- ասաց նա՝ հավելելով. «Մինչդեռ, փոքր եւ մեծ վառելիքի լիցքավորման կետերում տուրքերը ավելացել են նույն չափով. «Այո, այստեղ կա անհամաչափ բաշխում, բայց դա Երեւան քաղաքի լիազորությունների տիրույթում չէ եւ այդ բաշխումն օրենքով է՝ միանման տուրք թե' փոքրի, թե՛ մեծի համար»:
Փոխքաղաքապետը վստահեցրեց, որ որեւէ բենզալցակայան չի ունենա գնի այնպիսի տատանում, որը կբերի բիզնեսի խաթարմանը: Ըստ նրա՝ այն բեռը, որը ենթադրում է սահմանաչափերի բարձրացում, աննշան փոփոխություն է առաջացնելու բիզնեսների համար:





























