Նոր պայմաններում շատ կարեւոր է հավասարակշռել սպասելիքները եւ իրական հնարավորությունները։ Այս մասին դեկտեմբերի 21-ին կայացած կլոր սեղանի ժամանակ հայտարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքերով՝ դա թույլ կտա գրագետ բարեփոխումներ անցկացնել եւ, որ ամենակարեւորն է, դրանք հասկանալի եւ ընդունելի կդառնան հասարակության համար։

«Իշխանությունները ընդդիմության ճնշման տակ շատ բան կարող են խոստանալ։ Սակայն այդ խոստումների չիրականացման դեպքում հասարակության պառակտման վտանգ կա՝ սպասելիքների եւ իրականության անհամապատասխանության պատճառով»,- նշեց նա։

Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ կարեւորն այն է, թե որքանով են բարեփոխումները համապատասխանում Սահմանադրությանը, քանի որ հենց այնտեղ են ներառված պետության գլխավոր սկզբունքներն ու նպատակները, այդ թվում՝ տնտեսական քաղաքականության։

Խոսելով գազի գների մասին՝ տնտեսագետը նկատեց, որ Հայաստանը գազը չի գնում, Հայաստանը պայմանագիր է կնքել, ըստ որի գազի գնորդ է հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

«Պետք է քննարկումն անցկացնել ոչ այն մասին, թե ինչ գին է սահմանին, այլ այն մասին, թե ինչ գին կլինի վերջնական սպառողի համար։ Բացի այդ, շատ կարեւոր է գազի գնի որոշման հարցում ճիշտ մոտեցումներ ցուցաբերել։ Անհրաժեշտ է սպառողների տարբեր կատեգորիաների համար ցուցաբերել տարբերակված մոտեցում, կիրառել առաջադեմ սկզբունքներ գազի գների հարցում»,- ամփոփեց նա։