Շաբաթ՝ դեկտեմբերի 22-ին Ստամբուլում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ կապված հիմնական մթերքների գների բարձրացման եւ երկրում ինֆլյացիայի աճի հետ, փոխանցում է «Գերմանական ալիքը»:

Ակցիայի մասնակիցները պաստառներ են բռնել, այդ թվում ակնարկելով նաեւ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» շարժումը: Ցույցին, որը կազմակերպել է KESK պրոֆմիությունը, որը միավորում է պետական եւ համայնքային կազմակերպությունները, մասնակցել են Թուրքիայի բոլոր ծայրերի բնակիչները, ներառյալ հեռավոր նահանգները: Մոտ մեկ շաբաթ առաջ Թուրքիայի հարավ-արեւելքում Դիարբեքիր քաղաքում KESK-ի եւս մեկ ցույց էր անցկացվել, որը նույն պատճառով էր կազմակերպվել: Դիարբեքիրում նույնպես փողոցներ էին դուրս եկել հազարավոր մարդիկ:

«Ստամբուլում պաստառների վրա գրված էր «Հունիս»: Ցույցի մասնակիցներն այդպիսով ակնարկում էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի դեմ զանգվածային բողոքի ցույցերը, որ անցկացվել էին 2013 թվականին»,- փոխանցում է գործակալությունը:

Այդ ժամանակ բողոքի ցույցերը հրահրել էին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի Գեզա պուրակում զորանոցի պատմական շենքի վերականգնման ծրագրերը, ինչի հետ կապված իշխանությունները պատրաստվում էին հատել մեծ քանակությամբ ծառեր: Բողոքի ակցիաները հանգեցրել էին վրանային ճամբարի ստեղծման, այնուհետեւ ոստիկանների հետ բախումների: