28-ամյա Լիանա Ռաֆայելյանը չորս անչափահաս երեխաների հետ ապրում է Հրազդանի Միկրոշրջանի Տնակներ թաղամասում՝ ծնողների տանը:
Լիանայի 10 հոգանոց ընտանիքն ապրում է սոցիալապես վատ պայմաններում:
Երիտասարդ կինը, ով աշխատանք չունի եւ միայնակ է խնամում չորս երեխաներին, ոչ այնքան նեղսրտում է սոցիալական, որքան ավագ որդու առողջական խնդիրներից:
Լիանայի մեծ տղան՝ 7-ամյա Արամ Սիմոնյանը, ծնվել է նապաստակի շրթունք, գայլի երախ, ինչպես նաեւ սրտի թոքային զարկերակի ստենոզ ախտորոշմամբ, ինչի հետեւանքով սնուցող գլխավոր անոթները փակված են եղել: Տղան երկու անգամ վիրահատվել է. «Մեկ անգամ զոնդավորել են, երկրորդ անգամ սիրտն են բացել, ականջն էլ է փակ եղել: Անցյալ տարի են վերահատել ու բացել, հաջորդ տարի պիտի մեծացնեն: Երեխայիս վիրահատություններ եւ բուժումներ են սպասում քիմքի հետ կապված, քիթը պլաստիկ վիրահատել են, քիմքը երկու անգամ արել են, ինքը քիմք չուներ բացարձակ: Դիմածնոտային հատվածի վիրահատություն ենք ուզում անել՝ պլաստիկ, որը գումարների հետ է կապված»,-նշեց Լիանան՝ հավելելով, որ ֆինանսական միջոցներ չունի, բայց շատ է սրտնեղում, երբ արտաքին տեսքից տղան ընկճվում է:
«Դպրոցում, ճիշտ է, դասվարն Արամին շատ է սիրոմ, ու թույլ չի տալիս երեխաներին, որ ծիծաղեն, բայց երեխան նեղվում է: Երբեմն ընկերներն իր ձեւերն են անում: Սոցիալական խնդիրներն այնքան շատ են, որ չգիտեմ՝ որի մասին մտածեմ: Երեխաներիս միայնակ եմ մեծացնում, ամուսինս բանտում է, բայց իր հետ այլեւս կապ չունեմ: Ծնողներս են օգնում, իրենց տանն եմ ապրում: Ես էլ առողջական բազմաթիվ խնդիրներ ունեմ՝ ողնաշարի հետ կապված հիմնականում, սեզոնային գործեր եմ անում՝ կարտոֆիլ եմ հավաքում եւ այլն: Մայրս կով է կթում: Ընտանիքը մեծ է ու չենք հասցնում, բայց անգամ այսքան խնդիրների մեջ ինձ միայն երեխայիս առողջությունն է հուզում»,նշեց Լիաննան:
Լիանայենք բնակվում են փայտյա տնակում՝ երկու փոքրիկ սենյակներում: Փորձել են իրենց համար հարմարություններ ստեղծել, բայց տունը խոնավ է, տանիքը՝ վնասված: Անձրեւները գալուն պես կաթոցքներ են սկսվում:
Լիանան իր երեխաների ապրուստը հոգում է ընդամենը 46 000 դրամ նպաստով:
Մի կողմից սոցիալական, մյուս կողմից՝ որդու առողջական խնդիրները շատ են նեղում երիտասարդ կնոջը:
ԱռջեւումԱամանոր է, իսկ Լիանան անգամ չգիտի, թե ոնց են նշելու: Տղան էլ Ձմեռ պապիկից մեքենանենր ու խաղալիքներ է ուզում:
Ընտանիքին օգնելու համար ՎՏԲ Բանկի Հրազդանի մասնաճյուղում բացվել են հաշվեհամարներ՝
16028023468504 AMD
16028023468505 USD
16028023468506 EUR
16028023468507 RUR
Հաշվետեր՝ Նաիրա Ռաֆայելյան
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են նաեւ զանգահարել 094 95 53 55 հեռախոսահամարով՝ Լիանային:
































