Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին)  վերահսկողություն է իրականացնում ՀՀ կառավարության 2008թ-ի օգոստոսի 28-ի որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման եւ շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգի» (այսուհետ` Կանոնակարգ) պահանջների կատարման եւ պահպանման նկատմամբ:

Համաձայն Կանոնակարգի Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում լիցքավորման համակարգի բաղադրիչներին եվ տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացված պահանջների պահպանման նկատմամբ:

2018թ-ի ընթացքում ԱԳԼՃԿ ոլորտում  ստուգումներ են իրականացվել թվով 25 տնտեսվարողների մոտ: Բոլոր տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես.

գազը լիցքավորվում է խորանարդ մետրով՝ կիլոգրամի փոխարեն,

գազի ճնշումը գերազանցում է թույլատրելի՝ 19.6ՄՊա, չափը,

օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չեն,

լիցքավորման աշտարակների վրա բացակայում են լիցքավորման ճիշտ եղանակը նկարագրող հրահանգները:

Տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին՝ լինել բարեխիղճ, խուսափել խախտումներից (սահմանված չափից ավելի գազ լիցքավորելը կարող է դժբախտ հետեւանքներ ունենալ), իսկ սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր եւ համագործակցել Տեսչական մարմնի հետ: