ԱՊՀ երկրներն ու Վրաստանը շարունակում են զարմացնել միջազգային հանրությանը ռազմական ծախսերի աճով: Եթե զարգացած երկրների մեծ մասը 2011թ. իրենց ռազմական ծախսերը նվազեցնում են, հետխորհրդային տարածքում արձանագրվել է ռազմական բյուջեների ռեկորդային աճ: Ընդհանուր ռազմական ծախսերը ԱՊՀ երկրներում եւ Վրաստանում նախորդ տարվա համեմատ աճել են 23 տոկոսով եւ կազմել գրեթե 60,6 միլիարդ դոլար: Այդ մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը:

«Փաստերը վկայում են, որ հետխորհրդային տարածքում նախկինի պես գոյություն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բախումների վերսկսման եւ սրման մեծ հավանականություն»,- գրում է պարբերականը:

Թերթն անդրադառնում է Ադրբեջանին եւ նշում, որ նա պատրաստվում է պատերազմի։ «Ադրբեջանում 2011թ. ռազմական ծախսերն աճել են մինչեւ 3,1 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի 6,2 տոկոսը): Ընդ որում, ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, թե եւս 1,36 միլիարդ դոլար հատկացվելու է պաշտպանական արդյունաբերության կարիքներին: Այսինքն, ՀՆԱ-ի 8,9 տոկոսը ուղղվելու է ռազմական կարիքներին»,- գրում է թերթը:

Պաշտպանական մեծ ծախսեր է  անում նաեւ Հայաստանը`ՀՆԱ-ի 4,1 տոկոսը: «Թեեւ քանակով այն գումարները մոտ 10 անգամ պակաս են, սակայն հարկ է հաշվի առնել, որ Հայաստանի ռազմական պոտենցիալն աճում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հնարավորություններով: Այդ չճանաչված հանրապետությունը պաշտպանության համար ծախսում է ոչ պակաս, քան 150 միլիոն դոլար»,- գրում է թերթը:

Հեղինակը նշում է, որ, հաշվի առնելով այդ գործոնները, ակնհայտ է, որ գոյություն ունի Հարավային Կովկասում նոր պատերազմի իրական հավանականություն: «Դրա արդյունքն անհայտ է, սակայն հնարավոր ռազմական գործողությունների դեպքում շատ բան կախված է լինելու Ռուսաստանին»,- նշել է «Նեզավիսիմայա գազետա»-ն: