Քննչական կոմիտեն ավարտել է «Դոնբասի ինդուստրիալ միություն» (ԴԻՄ) կորպորացիայի հիմնադիր Օլեգ Մկրտչյանի գործի քննությունը, հայտնում է «Կոմերսանտը»:
Մեղադրանքի վերջնական տարբերակով Մկրտչյանին մեղսագրվում է 85 մլրդ ռուբլու յուրացման հանցարարք ВЭБ-ի (Արտաքին տնտեսական բանկ) հետ պայմանագիրն իրականացնելիս: 2018 թվականի փետրվարին, երբ Մկրտչյանին ձերբակալել էին, նրան մեղադրել էին իրեն ենթակա օֆշոր 1 մլրդ ռուբլի դուրս բերելու համար:
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ հարցաքննությունների եւ Մկրտչյանի հետ առերեսումների ժամանակ ВЭБ-ի ներկայացուցիչները ժխտել են դրամական միջոցների յուրացման փաստը եւ հրաժարվել են իրենց տուժող կողմ համարել:
Մկրտչյանի փաստաբան Ալեքսանդր Կոստանյանցը ՌԲԿ-ին ասել է, որ գործարարը յուրացում չի կատարել, այլ «տեղի է ունեցել կորպորատիվ վեճ»: «Այդ վեճը չի կարող դիտարկվել որպես խարդախություն, քանի որ տվյալ դեպքում չի եղել խաբեության ճանապարհով յուրացում, դրանք ազատ տնտեսական հարաբերություններ են, եւ վաղաժամ էր Օլեգ Մկրտչյանին կալանավորելը»,- պարզաբանել է փաստաբանը:
Նրա պաշտոնական կայքի տվյալներով՝ ԴԻՄ-ը հիմնադրվել է 1995 թվականին Դոնեցկում, այն միավորում է Ուկրաինայի եւ այլ երկրների 40-ից ավելի ընկերություններ: Խմբի ֆլագմանային ակտիվն է Ալչեւսկի մետաղագործական կոմբինատը, որը 2017-ի նոյեմբերին անցել է ինքնահռչակված Լուգանսկի ժողովրդական հանրապետության իշխանությունների կառավարմանը: ԴԻՄ-ը մտնում է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն անդրազգային մետաղագործական ընկերությունների թվի մեջ: Կորպորացիայի մեջ մտած գործարանների արտադրական հզորությունը անցնում է տարեկան պողպատի 10 մլն տոննայից, այն նշվում է աշխարհի 40 խոշորագույն մետաղագործական ընկերությունների շարքում:




























