Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով աշխատող քաղաքացիների խնդրի հետ Կառավարությունը կապ չունի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Խնդիրը հետեւյալն է, որ մեր հիմնական կապալառուներից «Կորսան» ընկերությունը իր ենթակապալառուներին չի փոխանցել դրամական միջոցները եւ հիմա որոշ ընկերությունների աշխատակիցներ չեն ստացել իրենց աշխատավարձը եւ իրենց բողոքին պետք է ծանոթանանք: Իրենք իրենց պահանջը կառավարությանն են ուղղում, ես ուզում եմ ասեմ, որ Կառավարությունն իր պարտականությունները պատշաճ կատարել է եւ վճարել է եղած աշխատանքների դիմաց եւ ըստ երեւույթին էնտեղ կապալառուի եւ ենթակապալառուի  միջեւ է խնդիրը, Կառավարությունը կապ չունի»,- ասաց նա

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքը Կառավարությունից ուղեւորվում է Թալին՝ տեղում ծանոթանալու բողոքողների պահանջին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հյուսիս-հարավ ներդրումային ծրագրով աշխատող քաղաքացիներն այսօր՝ դեկտեմբերի 27–ին, վաղ առավոտից փակել են Երեւան–Թալին ճանապարհն ու պահանջում են իրենց աշխատավարձերը: