ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում լուրջ բացթողումներ են կատարվել, եւ տրամաբանական հարց է առաջանում, արդյոք անհրաժեշտ է այն այդ վիճակում մյուս նախարարություններին միացնել: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով, այդ բացթողումների մասին կամ չեն խոսում կամ շատ քիչ են խոսում: «Օրինակ՝ վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը չունի պետական կրթական ծրագիր, իսկ դրա առկայությունը օրենքի պահանջ է: Այսինքն, երեք տարի անընդմեջ ամեն օր օրենքը խախտվում է», - բացատրեց Խաչատրյանը:

Նա նաեւ նշեց, որ դպրոցական կրթության չափանիշները պետք է վերանայվեն, սակայն 2016 թվականից սկսած այս ծրագիրը թղթի վրա է: Բացի այդ, փորձագետը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ «Բարձրագույն կրթության մասին» օրենքը արդեն երկու տարի քննարկվում է, սակայն այս հարցում որեւէ առաջընթաց դեռեւս չկա:

Սերոբ Խաչատրյանը համոզված է, որ կրթության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը դեռեւս լուծված չեն, նախարարությունը այլ գերատեսչություններին, մասնավորապես Մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարություններին միացնելու որեւէ պատճառ չկա: