Կան մարդիկ, ովքեր արգելում են պեղումներ անցկացնել Աղձքում հայոց թագավորների գերեզմանոցում: Այս մասին դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարարության պատմա-մշակութային ժառանգության հետազոտական կենտրոնի տնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը:
Նրա խոսքերով, խոչընդոտներ եղել են բոլոր իշխանություննների օրոք, սակայն նա հրաժարվել է տալ կոնկրետ մարդկանց անուններ, որոնք խոչընդոտներ են ստեղծում գիտական աշխատանքների իրականացմանը: «Մարդիկ, որոնք խանգարում են, միշտ եղել են: Սակայն դա չէ խնդիրը: Խնդիրը պետության վերաբերմունքն է մշակույթի ոլորտին»,-ավելացրել է գիտնականը:
Հնագետը նշել է, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունները եւ Մշակույթի նախարարությունը ցանկացած այլ նախարարությունում ընդգրկելը չի լուծի մշակույթի ոլորտում կուտակված խնդիրները: «Ավելի կարեւոր է հասարակության վերաբերմունքը մշակույթի հանդեպ: Հայաստանը կարող է «դու»-ով խոսել համաշխարհային հանրության առաջնորդների հետ միայն մշակույթի եւ գիտության լեզվով, մյուս բոլոր առումներով մենք նրանց, ամեն դեպքում, զիջում ենք»,- պարզաբանել է նա:
Անդրադառնալով Աղձքում հայ թագավորների գերեզմանոցի պեղումներին` Հակոբ Սիմոնյանը հայտարարել է, որ այս տարի հսկայական աշխատանք է կատարվել: «Հայկական թագավորների մասունքները ետ են խլվել պարսիկներից, որոնք փորձում էին դրանք տանել Պարսկաստան՝ հավատալով, որ դա նրանց փառքը կավելացնի, եւ վերաթաղվել են Աղձք գյուղում: Դրա համար կառուցվեց հանգստարան: Մուտքից ձախ թաղվել են հեթանոս թագավորների աճյունները՝ Արշակունիների դինաստիայից, իսկ աջից, խաչով հարթաքանդակի մոտ արդեն քրիստոնեություն ընդունած թագավորների»,-պատմել է հնագետը:
Փորձագետը հավելել է, որ այդ գերեզմանոցի առանձնահատկությունն այն է, որ դրանում մեծ քանակությամբ աճյուններ կան, ինչը բացակայում է Իրանի տարածքում գտնվող գերեզմաններում: «Որպեսզի զբոսաշրջիկների մուտքը գերեզմանոց ապահովվի, անհրաժեշտ է իրականացնել ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներ»,-եզրափակել է հնագետը:




























