«Այբ» հիմնադրամը ԿԳՆ-ից չի ստացել որեւէ պաշտոնական եզրակացություն: Այս մասին հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամի հաղորդակցության թիմից։
Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.
«ԿԳՆ-ը կասկածի տակ է դնում իր կատարած ուսումնասիրության անաչառությունը։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հերթական անգամ դրսեւորեց նույն գործելաոճը եւ մինչեւ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ ուսումնասիրության վերջնական ամփոփումը կրկին ներկայացրեց հանրությանն իր կարծիք-գնահատականը։ Այդպես էր ութ ամիս առաջ, այդպես է հիմա։
«Այբ» կրթական հիմնադրամը մինչ օրս նախարարությունից չի ստացել ուսումնասիրությունների եւ դրանց արդյունքների վերաբերյալ որեւէ պաշտոնական կամ գրավոր եզրակացություն: Առանց ուսումնասիրվող կողմի կարծիքը լսելու եւ մեկնաբանություններն ունենալու՝ ուսումնասիրության մասին տեղեկություն տարածելը կասկածի տակ է դնում այն կատարողի անաչառությունը եւ ուսումնասիրության արդյունքները: Վերջին ութ ամիսների ընթացքում «Արարատյան բակալավրիատ» ծրագրի վերաբերյալ տարածվել են բազմաթիվ ապատեղեկություններ, որոնք հետագայում հերքվել են հենց տարածողների կողմից: «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը փակվել է առանց ուսումնասիրության ու հանրային լսումների, եւ տպավորություն է ստեղծվում, թե նախարարությունը փորձում է հետին թվով «հիմնավորել» ծրագրի փակումը: Մենք սպասում ենք ուսումնասիրության արդյունքներին, պատրաստ ենք հայտնելու մեր դիրքորոշումը եւ տալու մեր հիմնավորումները բոլոր «խնդրահարույց» կետերի վերաբերյալ:
Իսկ մինչ այդ առաջարկում ենք Արարատյան բակալավրիատի ստեղծմանն ու փաստերին ծանոթանալ այս տեսանյութում (https://bit.ly/2Rg6LR2). այն լույս է սփռում շատուշատ հարցերի վրա։





























